Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նորակառույցներն ունեն ճարտարապետական կոպիտ սխալներ

Նորակառույցներն ունեն ճարտարապետական կոպիտ սխալներ
15.11.2013 | 14:09

Վերջին տասը տարիների ընթացքում շինարարությունը Երևանում մեծ ծավալներ ընդգրկեց։ Մասնավորապես, քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի բազմահարկ շինություններ են կառուցվում։ Որքանո՞վ են դրանք ճիշտ նախագծված։ Այս հարցով զրուցեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

Ըստ մասնագետի նկատառումների՝ շենքերի ճարտարապետությաուն ընկալումը կարող է ճաշակի հարց լինել. մեկը կարող է հավանել, մյուսը՝ ոչ։ Չնայած այդ փաստին, ամենևին չի նշանակում, որ Երևանի նոր կառուցված շենքերը ճարտարապետորեն անթերի են նախագծված։ «Այդ շենքերը, ցավոք, ունեն ճարտարապետական կոպիտ կոմպոզիցիոն սխալներ։ Կարելի է քաղաքային ճարտարապետության և ոչ ներդաշնակության մասին խոսել, ինչը չի կիրառվել Երևանի նոր շինություններում։ Բայց դրա մասին չէ, որ կուզեի խոսել, դրա մասին կանդրադառնանք դեռ կետ առ կետ, ավելի շատ կցանկանայի նշել քաղաքաշինական սխալների մասին։ 1988թ. երկրաշարժից հետո Հայաստանը շատ վախեցած էր և սեյսմիկ նորմերի համաձայն՝ երկրաշարժից հետո Երևանում շենքերի առավելագույն բարձրությունը սահմանված էր 5-6 հարկ։ Խորհրդային Միությունը փլուզվեց, և այդ նորմերը մնացին թղթի վրա։ 1990թ. շենքերի վրա հարկ ավելացնելու ժամանակ շենքի սեյսմիկ եզրակացության մեջ գրում էին՝ Երևան քաղաքում շենքերը մեծամասամբ համապատասխան չեն Սպիտակի երկրաշարժից հետո ընդունված սեյսմիկ նորմերին։ Բայց եթե շենքերի կրող կոնստրուկցիաները չունեն ճաքեր, և շենքը չի նստում, թույլատրվում է բացառության կարգով իրականացնել հարկի ավելացումներ շենքերի վրա։ Իսկ 2000 թվականից, երբ սկսվեց բարձրահարկերի կառուցումը, սեյսմիկ եզրակացության մեջ գրվում էր, որ տվյալ շենքի հողի գրունտները պինդ են, ինչը և թույլ է տալիս բարձրահարկ կառուցել։ Որքանով են այդ շենքերի տակի գրունտներն ամուր և եզրակացություններն անաչառ արված, ես չեմ կարող ասել։ Բայց ամենևին պետք չէ մոռանալ այն փաստը, որ սեյսմիկ վտանգից բացի, Երևան քաղաքում ուրիշ վտանգ էլ կա. դա ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելն է»,- նշում է Մարիամ Խաչատրյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ ամենախոցելի տարածքներն են Կենտրոնը, հատկապես՝ փոքր Կենտրոնը և Աջափնյակ համայնքը։ Իսկ դրենաժ իրականացնելը բավականին թանկ հաճույք է, ինչը պետք է արվի անընդմեջ։ «Այն դեպքերում, երբ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր է, չի թույլատրվում ստորգետնյա մեծ կառուցումներ ծավալել։ Իսկ Նարեկ Սարգսյանը կենտրոնում բարձրահարկ շենքեր կառուցելուց բացի (կենտրոնում շենքերը վտանգված են նստելու և որոշ շենքեր արդեն սկսել են նստել), մատնանշում է ստորգետնյա քաղաքաշինություն իրականացնել կենտրոնում, ինչն անհնար է տվյալ ստորգետնյա ջրերի բարձր մակարդակի պատճառով։ Եվ եթե այսպես շարունակվի, կենտրոնի տարածքները դառնալու են այն վիճակին, ինչպիսին այսօր Աջափնյակն է։ Քաղաքաշինության կառուցապատման սեյսմիկ վերլուծության մեջ գոյություն ունի դեղին գծերի քարտեզ հասկացությունը։ Քաղաքային փողոցները պետք է այնպես կառուցապատվեն, որ մեծ մասամբ շենքերը փլուզվելուց հետո փողոցների մեկ, իսկ պողոտաների երկու կամ երեք մեքենաների անցանելիություն ապահովեն՝ մարդկանց հանման և մաքրման աշխատանքների համար։ Երևանի այսօրվա փողոցների և պողոտաների ցանցն այդ պայմանը չի ապահովում կառուցապատման ոչ ճիշտ լինելու պատճառով։ Պետք չէ մոռանալ, որ երկրաշարժի ժամանակ 70 տոկոս մարդիկ մահանում են այն պատճառով, որ նրանց ժամանակին չի հաջողվում դուրս բերել փլատակներից։ Եվ եթե Աստված չանի, երկրաշարժ եղավ Երևանում, Նարեկ Սարգսյանի օրոք կառուցված շենքերից և քաղաքային տարածքներից Աստված գիտե, թե ինչքան մարդու կհաջողվի փրկել»,- նշում է Մարիամ Խաչատրյանը։

Նա նաև նկատում է, որ միայն երկրաշարժի վտանգը չէ, որ առկա է։ Բարձրահարկերը կառուցելիս քաղաքաշինական մյուս նորմերն էլ են խեղաթյուրված. շենքից շենք հեռավորությունը, բակերի փոքրացումը և այլն։ Այդ բոլորը մարդկանց առօրյա առողջությունը և կյանքը վտանգող տարրեր են պարունակում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ